Ընդդիմությունը իր դերի մեջ է, ստում է, ստում է և ստում է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինե Ղազարյանը։

«Հարգելիներս դուք մնացել եք 20-րդ դարում, դուք չեք տեսնում փոփոխություններ, որոնք տեղի են ունենում։ Դուք չեք ուզում տեսնել, որ այո, չորրորդ հանրապետություն է այսօր և օգոստոսի 8-ին շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի համար։ Մենք խոստացել ենք և բերել ենք խաղաղություն և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ, ինչքան էլ դուք ցանկանաք հերքել։

Ընդդիմադիր գործընկերներս մնացել են նույն խոսույթի մեջ, ընդդիմադիր դաշտում գերիշխում է իշխանափոխության պահանջ– մոլուցքը, արագ-արագ եկեք փոխենք, թե չէ ՔՊ-ն նորից կհաղթի 2026 թվականին։

Բա իհարկե հաղթելու է, կասկածու՞մ եք դուք, գիտե՞ք ինչու է հաղթելու, որովհետև խոսում է ժողովրդի հետ ճիշտ, ներկայացնում է իրական խնդիրները, լուծվում են իրական խնդիրները, որոնք առկա են։ Իսկ ինչու կան խնդիրներ, որովհետև 30 տարի ի վեր ձեր վարած քաղաքականության արդյունքում չեն կառուցվել դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ։ Հիմա դուք բարդում եք մեզ վրա, ասում եք՝ քիչ եք կառուցում։ Լավ ենք անում, ինչքան պետք է կառուցելու ենք, դա թող չմտահոգի ձեզ»,–ասաց նա։

Իշխող թիմի պատգամավորը նշեց, որ շփվելով մարդկանց հետ, հասարակության հետ, հասկանում է, որ մարդիկ շատ խելացի են ու տեսնում են, որ ընդդիմությունը պատասխանատվություն չի ուզում վերցնել իր վրա։ Հավատացեք, 26 թվականին իրենք կպատասխանեն բոլոր հարցերին։

Ինձ մտահոգեց մի արտահայտություն՝ «հայաստանյան իշխանություն», այսինքն դուք Հայաստանից չե՞ք։ Դուք էլ եք իշխանություն, ուղղակի ընդդիմադիր իշխանություն եք։ Մեզ  համար շատ կարևոր է, որ ընդդիմությունը լինի ուժեղ, պատրաստված, դա մեզ էլ է ձեռ տալիս, բայց ցավոք չունենք։

Մեր ժողովուրդը կրկնում եմ շատ իմաստուն է և իր գնահատականը կտա 26 թվականին»,–ասաց նա։