«Գլոբալ առումով այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը բավական ձեռնտու է Մոսկվային։ Ռուսաստանը այսօրվա դրությամբ ցանկություն չունի կտրուկ ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, NEWS.am–ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Հայաստանում գործունեությունը կտրուկ ակտիվացնելու համար Ռուսաստանը պիտի ամբողջ տարածաշրջանում ակտիվացնի գործունեությունը։ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանից ամենահեռու երկիրն է, Ռուսաստանի հետ չունի սահման, չունի լոգիստիկա։ Ընդ որում դաշնակցային բազմաթիվ հարաբերությունների չիրագործումը դրա հետ է կապված։ Ինքնաթիռով որքա՞ն զենք է հնարավոր բերել Հայաստան։ 2008 թվականից սկսած առաջացել են այս խնդիրները։ Ընդ որում, Մոսկվան ուղիղ չէր ասում Հայաստանի իշխանություններին, Հայաստանի իշխանություններն էլ ՝ և՛ նախկին, և՛ ներկա, իրենց դրել էին ջայլամի տեղ։ Իսկ այս պահի դրությամբ, քանի որ Ռուսաստանը դեռ զբաղված է Ուկրաինայով, իրեն ձեռնտու է Հայաստանում իրականացվող քաղաքականությունը։ Փաշինյանը, երբ պետք է, գնում է Մոսկվա, անգամ Լուկաշենկոյի կողքին է նստում»,–ասաց Կիվիրյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք Փաշինյանը վստահելի գործընկեր է Ռուսաստանի համար, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանը ոչ մեկի համար էլ վստահելի չէ։ Ավելին ասեմ՝ նրան ոչ մի տեղ լուրջ չեն ընկալում։ Ուղղակի քանի որ Մոսկվան կտրուկ քայլերի ցանկություն չունի, այս իրավիճակն իր համար ընդունելի է, առավել ևս, որ Հայաստանում իշխանություն փոխելու գործիքակազմ այս պահին չունի»։
Հարցին՝ Ռուսաստանը խնդիր չի՞ տեսնում Հայաստանի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող հակառուսական հայտարարություններում, Կիվիրյանը պատասխանեց.
«Ռուսները, իհարկե, խնդիր տեսնում են, ուղղակի սթափ են գնահատում իրավիճակը։ Եթե իր հիմնական ուղղությունն այսօր Ուկրաինան է, որն իր համար ռազմավարական նշանակություն ունի, նա չի կարող վտանգել, զբաղվել այլ ուղղություններով ու կանգնել փաստի առաջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։











