Ցավոք սրտի, մենք շատ փող չենք ծախսում, ցավոք սրտի, շատ քիչ փող ենք ծախսում, և այս ծախսած գումարը պետք է էական ավելացնենք, որպեսզի կարողանանք շատ զբոսաշրջիկներ ունենալ և այդ շատ զբոսաշրջիկները Հայաստանի Հանրապետությունում շատ գումար վճարեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, «Wizz air» ավիաընկերության բազայի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին իրավունք ունի գնալ և աշխարհը տեսնել։ 10 տարի առաջ ՀՀ հպարտ քաղաքացին աշխարհը չէր կարող տեսնել, որովհետև դրա հնարավորությունը, օրինակ, Հռոմ գնալու համար հարյուրավոր կամ հազար և ավելի դոլար էր։ Պետք էր գնալ, հասնել, օրինակ, Մոսկվա կամ Աբու Դաբի, ժամերով սպասել, գումար ծախսել, հետո նորից հարյուրավոր դոլարներ կամ եվրոներ ծախսել և հասնել Հռոմ։ Իսկ հիմա Հայաստանի քաղաքացին կարող է ընդամենը մի քանի տասնյակ եվրո ծախսել, հասնել Հռոմ, կյանքը վայելել և վերադառնալ։ Սրա համար ՀՀ կառավարությունը չի վճարում, այլ կառավարությունը սրա համար ստեղծել է հնարավորություն ազատ շուկայական միջավայր, որի արդյունքում Հայաստանում ստեղծվել են ավիաընկերություններ, գալիս են միջազգային բրենդներ։
Մենք հիմա հասել ենք մի իրավիճակի, որ «Զվարթնոց» օդանավակայանը չի հասցնում սպասարկել այդ թռիչքները։ Մեզ պետք են նոր հնարավորություններ և հուսով եմ որ մենք կհասնենք նաև այդ պայմանավորվածությանը, որ այդ նոր հնարավորությունները կստեղծվեն»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է որոշ ավիաընկերությունների, Պապոյանն ասաց. «Այո, վճարում ենք, որպեսզի Հայաստան շատ զբոսաշրջիկ գա, որպեսզի Հայաստանի խանութներից, ռեստորաններից, հյուրանոցներից բազմաթիվ քաղաքացիներ օգտվեն, և դա է պատճառը, որ մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է զբոսաշրջային բացարձակ ռեկորդ։ Դա նշանակում է, որ երբևէ Հայաստանում չի եղել որևէ մայիս, որևէ հունիս, որևէ հուլիս կամ որևէ օգոստոս, որ այսքան շատ զբոսաշրջիկ եկած լինի։ Մենք շարունակելու ենք այս քաղաքականությունը, և այո, Հայաստանում պետք է գան շատ զբոսաշրջիկներ, և Հայաստանի քաղաքացիներն էլ պետք է գնան աշխարհը տեսնեն շատ ավելի հեշտ, շատ ավելի մատչելի և շատ ավելի արագ, քան եղել է։ Սա մեր քաղաքականությունն է, մենք հասել ենք շատ մեծ արդյունքների, բայց առջևում ավելի մեծ ու ավելի ամբիցիոզ նպատակներ կան։





























