Կոնֆլիկտով սահմանափակված անազատության մեջ պահվող անձանց պետք է անհապաղ վերադարձնել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Աննա Մելիքյանը։
«Միջազգային իրավունքը իրականում թույլ է տալիս կոնֆլիկտի համատեքստում անազատության մեջ գտնվող անձանց դատել։ Այսինքն դատը ինքնին by default միշտ չէ, որ ապօրինի է։ Ագամ պարտավորություն է, ոչ թե հայեցողություն, եթե պատերազմական հանցագործություններ են կատարել, մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ցեղասպանություն և այլն, ու Ադրբեջանը շատ լավ խաղացնում է միջազգային իրավունքի այդ դրույթները։ Զարմանալի չէ, որ հենց այն մեղադրանքներն է առաջ տանում, որոնք որ համարվում են այդպիսի մեղադրանքներ, որոնց համար պարտավոր է քայլեր ձեռնարկել։
Դա թույլ է տալիս Ադրբեջանին, օգտագործելով միջազգային իրավունքը ըստ հարմարության, պնդել, որ նրանք գերի չեն, այլ պատերազմական հանցագործը, դրա համար իրավաչափէ իրենց դատելը»,–ասաց նա։
Մելիքյանի ներկայացմամբ, ակնհայտորեն երևում է, որ Բաքվում հայերի մեղադրանքները անհիմն են, ուռճացված և պաշտպանության որևէ երաշխիք ամբաստանյալ աթոռին հայտնված հային չի տրամադրվում։ «Շատ արագ մի քանի նիստով արձանագրում են ցեղասպանության փաստը։ Ուզուրմ են ցույց տալ, որ հայը մեղավոր է, դատվեց։ Այս դատավարությունը կամ դատաստանը կամ շոուն, իրականում միտված է ամրագրել այն ճշմարտությունը, որ Ադրբեջանը ուզում է աշխարհին մատուցել՝ ասելով, որ այս անձինք ահաբեկիչ են, պատերազմական հանցագործ և որևէ դեպքում չպետք է ազատ արձակվեն»։
Անդրադառնալով նրան, որ ԵԽԽՎ–ում Փաշինյանը գերի բառիօ փոխարեն օգտագործեց «անազատության մեջ պահվող անձինք» եզրույթը, նա ընդգծեց. «Սա ավելի չեզոք եզրույթ է՝ ներառելով և քաղաքացիական անձանց, և զինծառայողներին, որովհետև գերին զինծառայողներին է վերաբերում։ Ինձ համար ավելի մտահոգիչ է «հասցեագրել» բառը, այս չինչ չասող բառի օգտագործումը, որից դու չես հասկանում պահանջ ունի՞ պետությունը այդ անձանց վերադարձնելու վերաբերյալ, թե ոչ։ Ու եթե Հայաստանը չունի պահանջ, ո՞վ պետք է ունենա, ոչ մեկին հետաքրքիր չէ։
Միջազգային դատական ատյանների օգտագործումը առաջին հերթին շահավետ էր Հայաստանի համար, որովհետև հիմա Ալիևը որևէ առիթ միջազգային հարթակներում բաց չի թողնում ասելու, որ ամեն ինչ, ինչ արվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ, իրականացվել է միջազգային իրավունքի բացարձակ անթերի պահպանման հիմքով, ու մենք չենք հակաճառում։ Եթե մենք թղթին չենք հանձնում, չենք արձանագրում խախտումները, վաղը կլինի այլ ճշմարտություն, որը արձանագրվել է այլ երկրի մայրաքաղաքում, դատարանում և այլն»։





























