ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է հետախուզական տեղեկատվությներ փոխանցել Ուկրաինային՝ ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, The Wall Street Journal (WSJ)-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները: Նրանք նշել են, որ հետախուզական գործակալությունները և Պենտագոնը պետք է տվյալներ տրամադրեն նավթավերամշակման գործարանների, խողովակաշարերի, էլեկտրակայանների և այլ ենթակառուցվածքների ոչնչացման վերաբերյալ: Աղբյուրները պարզաբանել են, որ Թրամփը այս հրամանը տվել է իր Truth Social էջում, իսկ դրանից կարճ ժամանակ անց նա գրառում է արել, որ Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում և վերադարձնել իր տարածքը: Նրանք նաև հավելել են, որ Վաշինգտոնը խնդրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին նմանատիպ աջակցություն ցուցաբերել Կիևին:

Բացի այդ, WSJ-ի զրուցակիցների տվյալներով, Թրամփի վարչակազմում դիտարկում են Կիևին «հզոր զենք» մատակարարելու հնարավորությունը, որը թույլ կտա «ավելի շատ թիրախներ խոցել Ռուսաստանի տարածքում»։ Խոսքը Tomahawk և Barracuda հեռահար հրթիռների մասին է։ Մինչ այդ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Սպիտակ տանը քննարկում են 2,5 հազար կիլոմետր թռիչքի հեռահարությամբ Tomahawk հրթիռներ տրամադրել Ուկրաինային, բայց Թրամփը դեռևս չի հաստատել այդ որոշումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում նշել էր, որ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար արևմտյան մեծ հեռահարության սպառազինության կիրառումը «կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրները, ԱՄՆ-ը, եվրոպական երկրները պատերազմում են» Մոսկվայի հետ։ Պուտինն ընդգծել էր, որ Ուկրաինան ինքնուրույն ի վիճակի չէ նման հարվածներ հասցնել, դրանք հնարավոր են միայն արևմտյան երկրների օգնությամբ։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպումից հետո «Կրեմլի պաշտոնյաներին» սպառնացել է, որ ԱՄՆ-ն հեռահար զենքերով հարվածներ կհասցնի։ «Նրանք պետք է իմանան, թե որտեղ են գտնվում ռմբապաստարանները։ Դա նրանց անհրաժեշտ է։ Եթե նրանք չդադարեցնեն պատերազմը, ապա դա [ռմբապաստարանը] նրանց անպայման պետք կգա», — հայտարարել է Զելենսկին։