Ընդդիմությունը գալիս են այստեղ, ասում է՝ մեր պատմական սիմվոլները, դուք ուրանում եք. Այդ ձեր ազգային, հայրենասիրական, պատմական հայրենիքի պահանջատիրությունը ինչի՞ է վերաբերում մենակ Հայաստան-Թուրքիա սահմանից այն կողմին. նույն լոգիկայով Հայաստան-Իրան սահմանից այն կողմ չկա՞ տարածք, որը մեր պատմական հայրենիքի մաս է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Օրինակ Ուրմիալի լիճը մեր պատմական հայրենիքի մաս չի՞. բա ինչի այդ կողմի վրա դուք պատմական նկրտումներ պահանջատիրություն չեք ունեցել։ Որովհետեւ դուք ձեր հայրենասիրության մոդելի տերը չեք, դուք չեք որոշում, թե պատմական հայրենիքի որ մի սիմվոլի, որ աշխարհագրական տեղանքի համար դուք պիտի տանջվեք ու տվայտվեք։ Դա դուք չեք որոշում, դա ձեր տեղը որոշել է սովետական կայսրությունը, երբ որ սառը պատերազմի մեջ է մտել ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում և Թուրքիայի հետ։ Որովհետև դուք այդքան չկաք, որ դա որոշեք։ Դուք չեք որոշում, որն է ձեր նույնիսկ պատմական հայրենիքի սահմանը, դուք նույնիսկ այդ ինքնուրույն որոշելու ի վիճակի չեք, ուր մնաց ձեր իրական հայրենիքի, ձեր իրական պետության մասին խոսեք»,–ասաց նա։
Ալեքսանյանն անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանի հայտարարությանը. «Սեյրան Օհանյանի ասածը այն անգամ լրիվ ճիշտ է, իդեալական նկարագրել է մարդը։ Ասում է՝ ՄԻԵԴ–ի վճիռները վերաբերվում են պետությանը, մեզ հետ կապ չունեն։ Այո, որովհետև դուք էլ պետության հետ կապ չունեք։ Էս մարդը պաշտպանության նախարար է եղել էդ թվականին, էդ օրերին (նկատի ունի 2008–ի մարտի 1–ը–խմբ)։ Էս պետությունը ձերը չի, դուք էս պետության հետ կապ չունեիք։
Քրիստինե Վարդանյանն ասում է՝ օգոստոսի 8-ը ոչ մի բան է։ Մի հատ կարա՞ք ցույց տաք այդ ձեր Լևոնով ու իր հոգեզավակ Ռոբերտով, Սերժով, բանով, այդ եռամիասնությամբ, այդ եռագլուխ հրեշով, մի հատ այդպես կառավարման տարիների 12 ամիս ցույց տվեք, որ մարտական պայմաններում զոհ չի եղել։ Չեք կարող ցույց տաք, որովհետև չի եղել այդպիսի 12 ամիս, մենք հիմա դա ցույց ենք տալիս։
Ու դրանով է նաև պայմանավորված, որ Էլինար Վարդանյանը այստեղից ասում է՝ կներեք, որ ձեր նման երջանիկ չենք։ Գիտեմ, որ երջանիկ չեք, որ սահմանին զոհ չկա։ Երջանիկ չեք դուք դրանով, որովհետև ես հիշում եմ ձեր աչքերի փայլը, երբ ադրբեջանական կողմից էսկալացիա էր լինում։
Ձեզ պիտի տխրեցնեմ էլի, դուք շարունակելու եք դժբախտ մնալ»,– ընդգծեց նա։





























