Հունվարի 25-ին ժամը 16.30-ի սահմաններում դիմակավորված 2 անձիք ներխուժելով Վերին Պտղնի գյուղի հատվածում գործող «Վանուհի-Վահան» ՍՊԸ–ին պատկանող «Ֆլեքսո» տպարան ատրճանակի ու դանակի գործադրման սպառնալիքով տնօրեն Ալեքսանդր Ստեփանյանի եւ տպարանի աշխատակցուհի Սոնա Ֆարմազյանի նկատմամբ բռնություն գործադրելով տնօրենի գրպանից հափշտակել է 700 հազար դրամ եւ 100 ԱՄՆ դոլար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից:
Ի դեպ, տնօրենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ քննիչի որոշմամբ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Ավազակային հարձակման հեղինակները դիմել են փախուստի եւ ներկա դրությամբ որոնողական աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Սույն գործով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով (ավազակությունը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով), ինչպես նաև 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի եղանակով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։



























