Պոռնոգրաֆիկ լուսանկարները տարածելու սպառնալիքով գումար շորթելու մեթոդները շարունակվում են հատկապես սոցիալական ցանցերում: NEWS.am-ի տեղեկություններով «odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով հունվարի սկզբից երկու անհայտ անձինք տարբեր անկետաներով անընդհատ կապի են դուրս եկել երեւանաբնակ 28-ամյա մի աղջկա հետ եւ պահանջել 250 հազար դրամ գումար՝ չտալու դեպքում սպառնալով համացանցում եւ իր մտերիմների շրջապատում տարածել իր անձը արատավորող սեռական բնույթի նկարներ:
Խայծը կուլ տալով՝ աղջիկը փոխանցել է նրանց պահանջած գումարը: Սակայն երեկ դիմել է ոստիկանություն եւ հայտնել իր հետ կատարվածի մասին: Նույն օրը բերման է ենթարկվել տաքսի ծառայություններից մեկի մի վարորդ, որի մոտից հայտնաբերվել է աղջկա կողմից փոխանցած 250.000 դրամը, որը վերջինս պետք է փոխանցեր այլ անձի: Իսկ այլ անձը, ինչպես պարզվել է, նախկինում 5 անգամ դատապարտված, ներկայումս կալանավայրերից մեկում հերթական պատիժը կրող 37-ամյա մի տղամարդ է: Տաքսու վարորդն աղջկանից շորթված գումարը վերջինիս պետք է փոխանցեր հոր միջոցով:



























