SAS սուպերմարկետների ցանցը տարբերվում է մյուս բոլոր ցանցերից իր հարուստ տեսականոով, «Երեւան Սիթի» սուպերմարկետները տեղակայված են ամենահարմար եւ հասանելի վայրերում, ամենից ցածր գները կարելի է գտնել «Նոր Զովք» խանութների ցանցում, իսկ ամենից շատ գովազդվող սուպերմարկետների ցանցը` «Սթարն» է: Այսպիսին են Մ-Ինֆո ընկերության կողմից անցկացված շուկայական հետազոտության արդյունքները` ըստ 500 հարցվողների:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` հետազոտությունը պատվիրված չի եղել եւ նպատակ է հետապնդել վերհանել սպառողական վարքագիծը, հասկանալ` ի՞նչ հիմունքներով են հարցվողներն ընտրում այս կամ այն սուպերմարկետը եւ ո՞ր սուպերմարկետների ցանցն է համարվում լավագույնը մայրաքաղաքում: Հարցումն իրականացվել է պատահական անցորդների մասնակցությամբ` հեռու որեւէ սուպերմարկետից` տեղեկատվության առավել ճշգրտության համար:

Հարցվողների կողմից ամենից «մոռացված»  եւ որոշ չափով անտեսված սուպերմարեկետների ցանց է ճանաչվել «Մոսկվիչկան»: Հարցվածներից  շատ քչերը գիտեին, կամ օգտվել էին «Մոսկվիչկա» սուպերմարկետների ծառայություններից:

Հարցվողները նշել են բազմաթիվ պատճառներ, որոնք ստիպում են օգտվել բնակության վայրի մոտ տեղակայված խանութներից ավելի շատ, քան սուպերմարկետներից:  Շատերը գտնում են, որ խանութներում ապրանքը էլ ավելի թարմ է, քան սուպերմարկետներում, մյուսները համարում են, որ խանութների գներն ավելի հարմար են եւ հասանելի: Այն հարցին, թե ի՞նչ կցանկանային փոխել սուպերմարկետներում, հարցվողների  զգալի մասը  նշել է, որ դժգոհ է սպասարկամ որակից (133 մարդ), 124 մարդ դժգոհում են գներից, 81 հարցվող կասկածներ ունեն ապրանքի թարմության վերաբերյալ,  40 մարդ դժգոհում են տեսականու սղությունից, 26 հարցվող կցանկանային, որ սուպերմարկետները մշակեին հատուկ զեղչային համակարգ: Հարցվողները բողոքել են նաեւ սուպերմարկետների նեղ անցումներից, ավտոկայանների պակասից, Եվրոպական ստանդարտներին չհամապատասխանելուց եւ այլն: Հարկ է նշել, որ միայն 57 հարցվող լիովին բավարարված են սուպերմարկետների աշխատանքով եւ ոչինչ չեն ցանկանում փոխել: