Բուխարեստում, հունվարի 25-ին, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը եւ Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածքային գրասենյակի ղեկավար Աբդուրահման Ռիդան ստորագրել են համաձայնագիր հայերեն-ֆրանսերեն էլեկտրոնային բառարանի ստեղծման վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրվել է AUF-ի անդամ համալսարանների ներկայացուցիչների եւ AUF-ի աշխատակազմի հետ համատեղ աշխատանքային նիստի ժամանակ:
ԵՊԼՀ լավագույն ուսանողների ջանքերով կազմվող եւ մասնագետների կողմից մեծ պահանջարկ ունեցող այս բառարանը մատչելի է լինելու բոլորի համար: Նախաձեռնությունն իրականացվում է Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի հետ արդեն բազմամյա եւ սերտ համագործակցության շրջանակներում եւ վերջինիս աջակցությամբ: Հիշյալ անդամակցության շնորհիվ է եւս, որ համալսարանում ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոն` միակը հանրապետությունում:



























