Հայերի հետ սարսափելի դեպքեր են եղել, նրանց հանդեպ հրեշավոր վայրենություններ են կատարվել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ԵԽԽՎ-ում պատասխանելով թուրք պատվիրակի հարցին` կապված Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ:

«Այս հարցում մեր դիրքորոշումը պարզ է: Հայերի հետ սարսափելի դեպքեր են եղել: Կարեւոր է այդ մասին հայտարարել, բայց մենք պետք է ապրենք ներկայով»,-ասել է նա, հավելելով, որ Մեծ Բրիտանիայում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս հետապնդել մարդկանց` զինվորական հանցագործությունների համար:

Վարչապետն ընդգծել է, որ Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերությունների զարգացումը բխում է ԵՄ անդամ բոլոր երկրների շահերից:

«Եթե մենք ուզում ենք ցույց տալ, որ մահմեդականները, քրիստոնյաները, հրեաները, հնդիկներն ու սիկհերը կարող են ապրել միասին, ապա հիմնականում մահմեդականներով բնակեցված Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին ճիշտ որոշում է: Ուստի ես վստահ եմ, որ մենք պետք է աշխատենք Թուրքիայի եւ ԵՄ երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,-ասել է Քեմերոնը: