Ռուսաստանը հետեւում է բրիտանական ռազմական արբանյակներին եւ պարբերաբար փորձում է միջամտել դրանց գործողություններին ցամաքային համակարգերի միջոցով, ասել է Մեծ Բրիտանիայի տիեզերական հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Փոլ Թեդմանը: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր արբանյակները խլացվում Ռուսաստանի կողմից բավական կայուն հիմունքներով»,- BBC-ին ասել է Թեդմանը: Նա ավելացրել է, որ խլացման փորձերը ավելի հաճախակի են դարձել Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր: Ներկայում դրանք տեղի են ունենում «ամեն շաբաթ»: Գեներալն ընդգծել է, որ բրիտանական արբանյակները հագեցած են տեխնոլոգիաներով, որոնք պաշտպանում են դրանք ազդանշանի կորստից:

Թեդմանը նաեւ նշել է, որ ռուսական արբանյակները, օգտագործելով իրենց ներկառուցված սարքերը, տեղեկատվություն են հավաքում բրիտանական արբանյակներից, երբ դրանք մոտիկ են գտնվում։ Մեծ Բրիտանիան ուղեծրում ունի կապի եւ հսկողության վեց արբանյակ, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն յուրաքանչյուրը հարյուր արբանյակ, ընդգծել է բրիտանացի գեներալը։ Նա նշել է, որ Մոսկվան եւ Պեկինը նախկինում փորձարկել են հակաարբանյակային զենք, բայց Ռուսաստանն այս առումով ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում։ «Ես կասեի, որ չինացիներն ունեն ավելի նշանակալի հնարավորություններ, բայց Ռուսաստանն ավելի մեծ պատրաստակամություն ունի օգտագործելու հակատիեզերական համակարգեր»,- ասել է բրիտանացի գեներալը։

Սեպտեմբերի վերջին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը զգուշացրել է Ռուսաստանից իր երկրի արբանյակներին սպառնացող վտանգի մասին: Նա հայտնել է, որ Մոսկվան եւ Պեկինը վերջին տարիներին արագորեն ընդլայնել են իրենց հնարավորությունները «տիեզերքում մարտական ​​գործողություններ իրականացնելու համար»: «Նրանք կարող են խափանել արբանյակների աշխատանքը, կուրացնել դրանք, մանիպուլյացիաներ կատարել կամ ոչնչացնել ուղիղ բախման միջոցով»,- ասել է Պիստորիուսը: Մասնավորապես, նա մտահոգություն է հայտնել Գերմանիայի զինված ուժերի եւ այլ երկրների կողմից օգտագործվող գերմանական Intelsat արբանյակների մոտ գտնվող «Լուչ» եւ «Օլիմպուս» արբանյակների վերաբերյալ: