Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ղարաբաղյան ԶՈՒ կողմից գերի վերցված ադրբեջանցուն:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին  ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության մամուլի ծառայությունում, հունվարի 26-ին ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները այցելել են հունվարի 23-ին գերեվարված ադրբեջանցուն: Հիշեցնենք, որ խոսքը  N զորամասի կրտսեր սերժանտ Ախունդզադեհ Մամեդբագիր Թալիբօղլուի մասին է:

ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության մամուլի ծառայությունում նաեւ հաստատեցին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրն այն մասին, որ հունվարի 25-ին Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են գերության մեջ գտնվող հայ երեք զինծառայողներին եւ մեկ ընտանիքի անդամներ հանդիսացող քաղաքացիական հինգ անձանց: ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունում հաստատել են, որ գերիներին հարազատների ուղարկած նամակներ են հանձնվել, գերիները եւս պատասխան նամակներ են ուղարկել հարազատներին:

Ներկայումս Ադրբեջանում գերության մեջ են գտնվում հայ երեք զինծառայողներ եւ հինգ քաղաքացիական անձինք:  Նրանք են` զինվորներ Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանը եւ Կարեն Հարությունյանը, ինչպես նաեւ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանների ընտանիքը: Նրանք Ադրբեջան էին տեղափոխվել 2010թ. հունվարին: