Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման շրջանակներում այսօր աշխարհում մի շարք միտումներ են դիտվում։

Կայուն զարգացման և բնապահպանական ծրագրերի գծով խորհրդատու Հայկ Ակարմազյանը հոկտեմբերի 4-ին «Հայաստանի հանքարդյունաբերությունը» համաժողովի ժամանակ հիշեցրել է, որ այսօրվա թրենդներից մեկը վերականգնվող էներգետիկային անցումն է։

Նա հայտնել է, որ Հայաստանում կան ընդամենը 1-2 ընկերություններ, որոնք խոսում են վերականգնվող էներգիայի անցման մասին և արդեն իսկ գործնական քայլեր են ձեռնարկում։ Ակարմազյանը հիշեցրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարել է 100 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մասին, ինչը թույլ կտա մեկ երրորդով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։

Նա հիշեցրել է, որ մեկ այլ գլոբալ միտում է էլեկտրական մեքենաներին անցումը։ Նրա գնահատմամբ՝ ծանր տեխնիկայի և ծառայողական տրանսպորտի էլեկտրիֆիկացիան կարող է դրական ազդեցություն ունենալ նաև արտանետումների կրճատման տեսանկյունից։

Փորձագետը հավելել է, որ Urban Mining-ը որպես թրենդ նույնպես ավելի գրավիչ է դառնում։ «Դա պայմանավորված է նրանով, որ կարևորագույն հումք արդյունահանելու հնարավորությունից բացի, արդյունահանման, վերամշակման և արտադրության գործընթացն ինքնին ավելի քիչ էներգատար է», - բացատրեց նա։

Ակարմազյանը հետաքրքիր է համարել նաև պոչամբարներից հազվագյուտ կրիտիկական մետաղներ և տարրեր արդյունահանելու նախաձեռնությունների իրականացման գաղափարը։

«Ապագայի հանքերը կտարբերվեն ոչ միայն նրանով, թե որքան հանքանյութեր կարող են արդյունահանել ընդերքից, այլև նրանով, թե դրանցից որքանը կարող են վերամշակել՝ վերածելով դրանք օգտակար բաղադրիչների և վերջնական արտադրանքի: Կայուն զարգացման շրջանակներում դա կարևոր համաշխարհային միտում է համարվում», - եզրափակել է նա: