Բրյուսելում, հունվարի 25-26-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարել է ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բանակցությունների արդյունքում էական առաջընթաց է գրանցվել ապագա համաձայնագրի հիմնական նպատակների եւ սկզբունքների, ինչպես նաեւ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության եւ արդարադատության  ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ մինչ օրս բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ հաջորդ լիագումար հանդիպման շրջանակներում հնարավոր կլինի մեկնարկել նաեւ բանակցությունները` Հայաստանի եւ ԵՄ միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու վերաբերյալ ասոցացման համաձայնագրի համապատասխան բաժինների շուրջ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության հետ ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները փետրվարի վերջին սկսելու վերաբերյալ:

Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին Երեւանում: