Հայ հեղափոխական դաշնակցությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ Ֆրանսիայում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացներին: ՀՅԴ Բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Բյուրոն, հունվարի 24-ին ավարտված լիագումար նիստում, անդրադառնալով վերջին շաբաթներին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող գործընթացին, ողջունել է Ֆրանսիայի քաղաքական ազդեցիկ ուժերի համախոհ վճռականությունը՝ պահպանելու Ֆրանսիայի իբրեւ մարդու իրավունքների պատշպան պետության վարկն ու առաքելությունը։

«Միաժամանակ, ՀՅԴ Բյուրոն կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, առավել սթափ եւ հանդարտ կեցվածք ցույց տալ Ֆրանսիայում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացներին եւ փորձել հաշտվել սեփական պատմության հետ։ Դաշնակցության խորին համոզմամբ, թուրքական իշխանությունները ոչ թե պետք է շարունակեն Թուրքիայի ժողովուրդներին քարոզել անհանդուրժողականություն եւ սեփական պատմության ուրացում, այլ՝ իբրեւ 21րդ դարի քաղաքակրթական արժեքները դավանելու հավակնող երկիր՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը եւ ստանձնի դրանից բխող իր պատասխանատվությունը»,- նշել են հայտարարության հեղինակները։

ՀՅԴ Բյուրոն նաեւ ակնկալում է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կհաստատի Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների որդեգրած օրինագիծը եւ դրանով նոր որակ կհաղորդի Հայոց Ցեղասպանության դատապարտման եւ Հայ Դատին միջազգային զորակցության գործընթացին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին մոտ ութ ժամ տեւած ծանր քննարկումներից հետո 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այն դեկտեմբերի 22-ին ընդունել էր Ֆրանսիայի Ազգային ժողովը: Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ Վալերի Բուայեն: Նրա ներկայացրած օրինագիծը պաշտպանել էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների մեծ մասը: Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: