Հայաստանն ունի բազմաթիվ չուսումնասիրված օբյեկտներ, որոնք կարող են լինել աստղագիտական գիտելիքների աղբյուրներ և վերագրվել հին աստղադիտարաններին։ Այս մասին հոկտեմբերի 6-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տիմիշոարայի Արևմտյան համալսարանի (Ռումինիա) աստղագետ և պրոֆեսոր Մարկ Ֆրինկուն։
Նա հավելել է, որ Հայաստանում կան բազմաթիվ վայրեր, որոնք արժանի են ուսումնասիրության և դեռ շատ աշխատանք կա անելու։ Մասնագետը Մեծամորի հին աստղադիտարանը նշել է որպես այդպիսի վայրերից մեկը։
Նրա խոսքով՝ աստղագիտությունը մասսայականացնող միջոցառումների անցկացումը բավականին կարևոր է, հատկապես Հայաստանի նման երկրների համար։
Նա նկատեց, որ աստղագիտությունը և աստղաֆիզիկան ամբողջ աշխարհում շատ քիչ են լուսաբանվում։ «Միևնույն ժամանակ, գիտելիքների և տեղեկատվության պաշարը անհամեմատ մեծ է», — հավելել է Ֆրինկուն։
Նշենք, որ Մարկ Ֆրինկուն մասնակցում է «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն – 2» միջազգային համաժողովին, որը կտևի մինչև հոկտեմբերի 10-ը։ Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին և անցկացվում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում։





























