Հյուսիսային Կորեայի բնակիչներին արգելվել է բջջային հեռախոսներից օգտվել 100-օրյա սուգի օրերին, որ հայտարարվել է ազգի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ:
Արգելքը խախտողները կհավասարվեն ռազմական հանցագործներին եւ համապատասխան պատիժ կկրեն, հաղորդում է The Daily Telegraph թերթը: Պատժելու են աշխատանքային գաղութներ ուղարկելով:
Բջջային կապի շուկան Հյուսիսային Կորեայում առկա է, բայց ավելի քիչ է զարգացած, քան մյուս երկրներում: «Ռենհապ» գործակալությունը հայտնում է, որ 2010թ. Հյուսիսային Կորեան Չինաստանից ներկրել է 430 հազար բջջային հեռախոս: Երկրում գործում է 3G ցանց, եւ դրան 700 հազար բաժանորդներ են միացված: Հյուսիսային Կորեան ունի 24-ից 24,5 միլիոն բնակիչ:
Միակ օպերատորը Koryolink-ն է, որը պետության եւ եգիպտական Orascom Telecom-ի համատեղ ձեռնարկությունն է:
Կիմ Չեն Իրը, որ երկիրը ղեկավարում էր 1994 թվականից, մահացել է 2011թ. դեկտեմբերի 17-ին: Նրա մահվան մասին հաղորդվել էր դեկտեմբերի 19-ին, դրանից հետո երկրում զանգվածային սգո արարողություններ են կայացել: Երկրի նոր ղեկավարը դարձել է նրա որդին` Կիմ Չեն Ընը:




























