Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային երկուշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ միջուկային հարցի նկատմամբ երեք եվրոպական երկրների մոտեցումը փոխել է ապագա բանակցությունների ընթացքը՝ հավելելով, որ Թեհրանը այս փուլում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի, հաղորդում է Mehr-ը։

Բաղային քննադատել է միջուկային բանակցություններին մասնակցող երեք եվրոպական երկրների վերջին պահվածքը՝ նրանց դիրքորոշումն անվանելով «անպատասխանատու և ապակառուցողական»։

Նա ասել է, որ եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) չարաշահել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀԳՀԾ) վեճերի լուծման մեխանիզմը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱՄՆ պահանջները պարտադրելու համար, մինչդեռ բանակցություններին Իրանի մասնակցության համար նրանց նախապայմանները բացարձակապես անհիմն են եղել։

Արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ Իրանը կառուցողական երկխոսության է մտել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ՝ համաձայն իր երաշխիքների պարտավորությունների և հասել է համագործակցության նոր շրջանակի, որը բավարարել է գործակալությանը։ Եվրոպան սկզբում ողջունել է դա, սակայն երեք երկրները հետագայում հրաժարվել են իրենց աջակցությունից։

Նա նշել է, որ երեք եվրոպական երկրների կողմից ձեռնարկված գործողությունները «թելադրված էին ավելի շուտ Միացյալ Նահանգների պահանջները կատարելու համառությամբ, քան ռացիոնալ հաշվարկով կամ իրավական ասպեկտների քննարկմամբ և նրանք անտեսել են այդ երկրների շահերը, գերակայությունները և հեղինակությունը՝ որպես ՀԳՀԾ կողմեր»։ Իրանի դիրքորոշումն այս հարցում աջակցում են նաև Չինաստանը և Ռուսաստանը, շարունակել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, «արագ մատնանշել է այդ գործողությունների անօրինականությունը»։

Իրանը նաև պաշտոնապես բողոք ու քննադատություն է արտահայտել Անվտանգության խորհրդում քարտուղարության վարքագծի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Եվրաեռյակի» երկրները նախաձեռնել էին այսպես կոչված «snapback» մեխանիզմը, որի արդյունքում վերականգնվել էին Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները։