Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ առաջին բաժին։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին»,- ասել է նա։
Ավելի վաղ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ քառօրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցի դեպքում եւս ժամկետների խախտում է եղել, սակայն այն ժամանակ որոշակի լուծում է տրվել և նույնը պետք է արվի այս դեպքում։ Նրա խոսքով, եթե զեկույցը կա, իսկ այն գոյություն ունի, ապա ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն պետք է մտնի ԱԺ լիագումար նիստ։
Սրան համաձայն չէ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հայտարարել էր, որ այն կքննվի փակ լսումներում։





























