Ազգային ժողովի նախագահի կողմից գրություն է եղել ինձ և ես պատասխանել եմ ի պաշտոնե։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը հեռակա բանավեճի թեմա է դարձել ԱԺ նախագահի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ։

«Պատասխանը կա Ազգային ժողովի նախագահի մոտ։ Դուք գիտեք, որ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնություն է եղել քննիչ հանձնաժողովը ձևավորելը, քննիչ հանձնաժողովի գործունեությունը ենթադրում է որոշակի գաղտնիություն՝ հաշվի առնելով, որ գաղտնի տեղեկատվության հետ գործ ունենք։ Համապատասխան փաստաթուղթը պատրաստ է,  գտնվում է Ազգային ժողովում և բոլոր պատգամավորները, որոնք համապատասխան թույլտվություն ունեն պետական գաղտնիքին ծանոթանալու, կարողա են ծանոթանալ դրա հետ։ Մնացած որևիցե հարց ես չեմ ուզում մեկնաբանեմ այս փուլում»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ինքն ասել է, որ զեկույցի ներկայացման ժամկետներ են խախտվել, և իր խոսքից է կախված զեկույցի ճակատագիրը, քանի որ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ սպասում է Վլադիմիր Վարդանյանի վերադարձին, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Պետաիրավական հանձնաժողովը, ինչպես նաև մնացած բոլոր 11 հանձնաժողովները, ունեն իրենց գործառույթները, ոլորտները և ամեն մեկը իր գործառույթների շրջանակներում է տալիս պատասխան։ ԱԺ նախագահի կողմից ինձ ուղղված նամակին ես պատասխանել եմ, պատասխանել եմ այնպես, ինչպես թելադրում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը։ Ես այլևս որևիցե մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չեմ տալու։

Վեճ չի կարող լինել։ Վեճ կարող է լինել այն պարագայում, երբ որ կա տարընթերցում, մենք տարընթերցում չունենք, ես շատ հստակ ներկայացրել եմ այն, ինչ որ նախատեսված է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով։ Բայց մեզ համար շատ կարևորություն է ներկայացնում այն ահռելի աշխատանքը, որը կատարել է պաշտպանության հանձնաժողովը։ Փաստաթուղթը պատրաստ է, այն գտնվում է Ազգային ժողովում, այն բոլոր անձինք, որոնք ունեն հասանելիություն պետական գաղտնիքին, կարող են ծանոթանալ»։

Ճշտող հարցին, ի վերջո, զեկույցը կքննարկվի՞ ԱԺ նիստում և կհրապարակվի՞ արդյոք, Վարդանյանը պատասխանեց. «Սա գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ է։ Եթե դուք հիշեք նախկինում տեղի ունեցածը, ևս մենք ունեցել ենք գաղտնի ռեժիմ, և այդ ռեժիմը պետք է պահպանվի։ Պետական գաղտնիքը մնում է պետական գաղտնիք և իմ և ձեր և բոլորի համար։ Դա հաշվի առնելով այսպիսի մոտեցում է դրսևորվել։

Եթե խոսքը ցանկացած տեսակի զգայուն տեղեկատվության մասին է, առավել ևս պետական կամ ծառայողական գաղտնիքի մասին է, այն պետք է սրբության մակարդակի պահպանվի, և այս լուծումը, որ ընտրվել է, իմ կարծիքով պետք է գոհացնի բոլորին»։

Նշենք, որ ԱԺ մամուլի խոսնակն արդեն հայտարարել է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի ԱԺ արխիվ։