Օդանավակայանում ինչ-որ արտառոց դեպք չի պատահել, պարզապես մեր պատվիրակության անդամների իրերն են հավելյալ ստուգում անցել, պարզապես թյուրիմացություն է կարծես թե տեղի ունեցել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Ալլա Բաղդասարյանը՝ անդրադառնալով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։
«Իսկ արդեն օդանավակայանից դուրս դիմավորումը բարձր մակարդակի է եղել, Նովի պազարի փոխքաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք են դիմավորել մեր պատվիրակությանը։
Գեորգի Գեորգիևի գլխավորությամբ ջերմ մթնոլորտում նորից համայնքային կենտրոնում մեզ դիմավորել են, ստորագրվել է համաձայնագիր մի շարք ոլորտներում համագործակցության շուրջ, և այցի մնացած օրերը եղել են շատ տպավորիչ և հագեցած օրակարգով։ Բաժանումը ևս եղել է շատ ջերմ մթնոլորտում, իսկ հայ-բուլղարական կապերը այս այցով կարծես էլ ավելի են ամրապնդվել»,–ասաց նա։
Հարցին՝ միայն իրերը հավելյալ զննությա՞ն են ենթարկել, քանի որ ըստ բուլղարական լրատվամիջոցի՝ մեր պատվիրակներին մերկացրել են, նվաստացրել են, Ալլա Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ մի նվաստացման մասին խոսք չկա, նման բան տեղի չի ունեցել, դա ես չգիտեմ ինչպես որակեմ՝ զրպարտանք կամ մեկ այլ բառով։ Առանձին սենյակ, այո տարել են, որտեղ իրերը պետք է ստուգման ենթարկվեին։
Ժամը չեմ ֆիքսել, թե որքան են մնացել օդանավակայանում։ Չորս հոգի են եղել, ամեն մեկին, եթե մի 15–20 րոպե էլ, որ տրամադրած լինեին, արդեն ժամը այդպես կարող էր ձգձգվել»։
Նա ծիծաղելի անվանեց տեղեկությունը, իբրև թե հայերը ցանկացել են զարտուղի ճանապարհելով հասնել Ավստրիա, Բուլղարիայով. «Դա ընդամենը ծիծաղ է հարուցում, նման բան ընդհանրապես չի եղել։ Այնտեղի իշխանությունները համապատասխան գնահատական կտան։ Դեպքի մասին տեղյակ է Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը, իրենք ևս շատ վրդովված են և հետևողական կլինեն ու իրենք էլ իրենց կողմից կտան գնահատականը և մեղավորները կպատժվեն։
Օդանավակայանում որևէ հստակ բան չեն ասել, ուղղակի ասել են՝ պետք է հավելյալ զննության ենթարկենք ձեզ, և պատվիրակության անդամներից մեկին կարծես թե ասել են՝ դուք ուզում եք Վիեննա մեկնել։
Սա դիվանագիտական սկանդալ որակելը սխալ է։ Պարզապես սահմանային ոստիկաններն են փնթի աշխատաոճ դրսևորել։ Անհասկանալի իրավիճակ է ավելի շատ եղել, իսկ դիվանագիտական սկանդալ բնականաբար չի եղել։
Բուլղարիայում Հայաստանի դեսպանատնից, այո մեզ հետ կապ հաստատել են, նրանք էլ են շատ բրդովված և մեզ խոստացել են, որ հետևողական կլինեն այս ամեն ինչին ու կտան իրենց գնահատականը»,– ընդգծեց Ալլա Բաղդասարյանը։
Խոսելով պատվիրակության մասին, նա նշեց, որ այն գլխավորել է համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, պատվիրակության կազմում եղել է աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը, համայնքի ղեկավարի օգնական Անանիկ Ուրումյանը, ինչպես նաև ավագանու անդամ Հասմիկ Զատիկյանը։
«Իրենք ավելի քան մեկ ամիս է՝ պատրաստվում էին, որովհետև հրավերը եղել էր օգոստոսին մեծ ոգևորությամբ։ Այդ համագործակցության շրջանակը բավականին լայն էր և հետագայում էլ մենք փոխադարձ իրենց հրավիրել ենք մեր համայնք և պատրաստվում ենք գալիք տարվա ամռանը, հրավիրել իրենց մեր համայնք, մեծ տոնակատարություններ են սպասվում, այնպես որ ամեն ինչ շատ խոստումնալից է եղել»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։
Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի քաղաքի քաղաքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ զննության։ Ըստ հաղորդումների, նրանց ստիպել են ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել ծառայողական տարածքներում։
Սկանդալ Բուլղարիայի օդանավակայանում․ հայկական պատվիրակությանը ենթարկել են նվաստացուցիչ զննության





























