Փարաքար խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, համայնքի նոր ղեկավար է ընտրում։

NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր. և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները  չեն մասնակցում ավագանու նիստին, որի օրակարգում համայնքապետի ընտրությունն է։

Նշենք, որ համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ավագանին իր կազմից պետք է համայնքապետ ընտրի: Վալոդյա Գրիգորյանն ընտրվել էր «Միասնություն» դաշինքի կողմից և քանի որ ավագանիում մեծամասնություն է կազմում հենց «Միասնություն» դաշինքը, ապա հենց այս խմբակցության առաջարկած թեկնածուն էլ ունի ամենամեծ հնարավորությունը դառնալու համայնքապետ։

Օրեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը («Միասնություն» դաշինքում է ընդգրկված) հայտնել էր, որ իրենց թեկնածուն Օնիկ Հախվերդյանն է, որը «Միասնություն» դաշինքի ցուցակում երկրորդ հորիզոնական է զբաղեցնում։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին կայացած արտահերթ ընտրություններում ՔՊ–ն ստացել էր 3 հազար 669 քվե, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ 6 հազար 508, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 900, «Կայունություն» կուակցությունը» 426 քվե, անճշտությունների գումարային չափը՝ 106: