Ապրիլի 6-ին Տոկիոյում Վիկ Դարչինյանը կանցկացնի առաջին մենամարտը 2012-ին: Դարչինյանի համար առաջիկա մենամարտը մեծ նշանակություն ունի: Նախորդ մենամարտում հայ բռնցքամարտիկը միավորներով պարտվեց պանամացի Անսելմո Մորենոյին: Չնայած դրան, Դարչինյանը հնարավորություն ունի դարձյալ դառնալ աշխարհի չեմպիոն: Առաջիկա մրցակիցը թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ճապոնացի Շինսուկե Յամանական է, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 17 մենամարտ, դրանցից 15-ն ավարտել է հաղթանակով, երկուսում գրանցվել է ոչ ոքի: Դարչինյանը 42 մենամարտերում տարել է 37 հաղթանակ, մեկ ոչ ոքի է ունեցել եւ չորս պարտություն է կրել: Ճապոնացու օգտին է տարիքը: Յամանական 29 տարեկան է: Վախթանգը հունվարի 7-ին դարձավ 36 տարեկան: Հայտնի է, որ բռնցքամարտի ասիական դպրոցի ներկայացուցիչները շատ համառ են եւ պայքարում են մինչեւ վերջ: Դարչինյանը մենամարտին կսկսի նախապատրաստվել արդեն մի քանի օր հետո Ավստրալիայում: Առաջիկա մենամարտի մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Դարչինյանի մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի հետ:

Պարոն Բադալյան, ի՞նչ կարծիք ունեք Շինսուկե Յամանակայի մասին:

Ճապոնացի բռնցքամարտիկը WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է անցած տարվա ամռանը եւ դրանից հետո մենամարտ չի անցկացրել: Դարչինյանի հետ մենամարտում Յամանական առաջին անգամ է պաշտպանելու գոտին: Դիտել եմ Յամանակայի մենամարտերի տեսագրությունը: Նրա ոճի բռնցքամարտիկի ռազմավարությունը մրցակցի հետ տարածություն պահելու մեջ է: Նրա զինանոցում հիմնականում արագ եւ երկար ջեբ հարվածներ են: Նա լավ է զգում տարածությունը եւ շարժունակ է, լավ արագություն եւ ռեակցիա ունի: Այդպիսի բռնցքամարտիկները սովորաբար հաղթում են միավորներով, քանի որ չեն տիրապետում նոկաուտի ենթարկող հարվածների:

Ի՞նչը կարող է լինել Դարչինյանի հաղթաթուղթը:

Վախթանգը ռինգում պետք է աշխատի իր ոճով` հարձակողական: Բայց Դարչինյանի գործողոթյունները նախորդ մենամարտի համեմատ պետք է լինեն ավելի ազատ: Վախթանգը ռինգում բազմաթիվ շարժումներ է անում, հարվածների իմիտացիա, սուզումներ, անցումներ: Իսկ նախորդ մենամարտում նա որոշակիորեն միանման էր գործում: Աութֆայթերների դեմ հաջողության են հասնում կրկնակի գրոհով: Առաջին հարձակման ժամանակ մրցակիցը կարող է արագ խուսափել հարվածներից, իսկ անմիջապես երկրորդ գրոհը հանկարծակիի կբերի: Կարել է նաեւ ցույց տալ կեղծ հարձակում եւ անմիջապես անցնել նախապատրաստած գրոհի: Բացի այդ, մեկ հարվածով հաջողության չես հասնի: Անհրաժեշտ է հարվածաշար: Եթե Վախթանգն այդպես գործի, ապա խնդիր չի ունենա: Հենց այդ ոճով է Վախթանգը հաղթել Քրիստիան Միխարեսին:

Ճապոնացու հետ մենամարտը Տոկիոյում ավելի բարդ չի լինի՞:

Վստահ եմ, որ ոչ: Վախթանգը հաճախ է մենամարտել այնպիսի ռինգերում, որտեղ ավելի շատ երկրպագուներ ունեցել է մրցակիցը: Խորխե Արսեի եւ Քրիստիան Միխարեսի մենամարտերի ժամանակ 25 հազար երկրպագուներից միայն 2-3 հազարն էին հայ: Բայց Վախթանգը հաղթում էր: Բացի այդ, նա համարձակորեն մեկնեց Ֆիլիպիններ, ուր բոլորը չէ, որ գնում են: Այնտեղ մրցավարը որոշեց ոչ ոքի գրանցել Գորեսի հետ մենամարտում, թեեւ Վախթանգն անկասկած հաղթել էր մրցակցին: Այդ իմաստով, Վախթանգը Տոկիոյում խնդիր չի ունենա: Միայն թե պետք է ցուցադրել այն, ինչին ունակ է, եւ հաղթանակը մերը կլինի:

Իսկ պրոֆեսիոնալ ռինգից հեռանալու մասին դեռ վա՞ղ է մտածել:

Այդպիսի բան չկա: Վախթանգը ձգտում է նոր տիտղոսներ նվաճել: Յամանակայի հետ մենամարտից առաջ Դարչինյանը ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ առաջարկներ ուներ, սակայն նա որոշեց ռինգ դուրս գալ միայն չեմպիոնական գոտու համար: Դարչինյանը չի պատրաստվում նաեւ տեղափոխվել այլ մարզաձեւ: Ես լսել եմ խոսակցություններ, թե նա կարող է տեղափոխվել խառը մենամարտեր: Բայց այդպիսի բան չկա: Պարզապես մի անգամ Վախթանգն ասել է, որ տիրապետում է ըմբշամարտի մի քանի հնարքների, քանի որ հայրը ժամանակին ըմբիշ է եղել:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը