Միկրոբլոգների Twitter ծառայությունը կարգելափակի օգտվողների հաղորդագրությունները առանձին երկրներում` այնտեղ ընդունված կանոներին համապատասխան: Այդ մասին ասվում է ընկերության կորպորատիվ բլոգում:
Twitter-ի բլոգում նշվում է, որ ընկերության ընդլայնան հետ մեկտեղ, այն հասանելի է դառնում այնպիսի երկրներում, որտեղ ազատ արտահայտվելուն այլ կերպ են նայում: Մի քանի երկրներում դրվածքն այնպիսին է, որ Twitter-ն այնտեղ չի կարող գոյատեւել: Այլ երկրներում էլ ազատ արտահայտման հասկացությունը ձեւավորվել է պատմական կամ մշակութային գործոնների ազդեցության տակ: Օրինակ` Ֆրանսիայում եւ Գերմանիայում արգելված է նացիզմի քարոզչությունը:
Twitter-ն ավելի վաղ կարող էր արգելափակել միայն բոլոր օգտվողների գրառումներն առանց բացառության: Այժմ հնարավորություն է առաջացել արգելափակել որոշակի բովանդակություն առանձին երկրներում, ընդ որում` մյուս երկրների օգտվողների համար այն հասանելի կլինի:
Ծառայությունը հայտնում է, որ օգտվողները պարբերաբար կտեղեկացվեն, թե ինչու է այս կամ այն բովանդակությունը արգելափակվել: Ընկերությունը դեռեւս իր նոր հնարավորությունը չի կիրառել, նշվում է բլոգում:
Twitter սոցիալական ցանցը հիմնադրվել է 2006 թվականին եւ շատ շուտ տարածում է գտել: Դիտորդները նշել են ցանցի մեծ դերը 2011 թվականի այսպես կոչված «արաբական գարնան» ժամանակ զանգվածային բողոքի կազմակերպման գործում, որի հետեւանքով մի շարք երկրներում իշխանափոխություններ տեղի ունեցան, գրում է lenta.ru-ն:




























