Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, լրագրող Տիգրան Նաղդալյանի ֆիզիկական սպանությունը նաև քաղաքական սպանություն է, սակայն մյուս սպանությունների մասով հարցեր կան։ Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքական սպանությունների մասին հարցին։

«Ի՞նչ է նշանակում քաղաքական սպանություն։ Ի՞նչ եք դուք դրանով հասկանում»,– հարցրել է Քոչարյանը հարց տվող լրագրողին։ Հայաստանի նախկին նախագահի խոսքով՝ նմանատիպ հանցագործություններ տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ ամենուր և ցավոք, դրանցից ոչ բոլորն է հաջողվում բացահայտել։ «Այն մարդիկ, ում մասին դուք նշեցիք, քաղաքականությամբ չէին զբաղվում։ Նրանցից ոչ ոք քաղաքականությամբ չէր զբաղվում։ Նրանք կա՛մ ծառայում էին Պաշտպանության նախարարությունում, կա՛մ Ոստիկանությունում։ Նրանք ընդդիմադիրներ չէին և քաղաքականությամբ չէին զբաղվում։ Այդ սպանությունները քաղաքական անվանելու համար... Դե, արդեն կներք ինձ»,– նշել է Քոչարյանը։