ԱՄՆ-ում իրանացի գիտնական է ձերբակալվել: Նրան մեղադրում են գիտական սարքավորումների արտահանման օրենքի խախտման մեջ: 

Ներկայումս 54-ամյա պարսիկ Սայեդ Մոջաբա Աթարոդին, որը Իրանի Շարիֆի անվան տեխնոլոգիական համալսարանի գիտաշխատող է, գտնվում է Սան Ֆրանցիսկոյի բանտերից մեկում, հաղորդում է AP-ը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնող Պակիստանի դեսպանը հաստատել է գիտնականի ձերբակալման փաստը: 

Հունվարի 26-ին փակ դռների հետեւում տեղի է ունեցել Աթարոդիի գործով դատավարությունը: Ձերբակալվածի ընկերները հայտնել են, որ նա ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին, երբ վայրէջք է կատարել Լոս Անջելեսում:

Ըստ Շարիֆի անվան տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցչի` գիտնականը ԱՄՆ-ում ցանկացել է  սարքավորումներ գնել իր լաբորատորիայի համար, եւ այդ սարքավորումը շատ պարզ մի բան է, որը կարելի է ամեն տեղ էլ գնել:

Աթարոդին տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ է, որոնք ուղղակիորեն կապված չեն ռազմական տեխնոլոգիաների հետ: