Արարատի մարզի Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Վահե Զոհրաբյանը՝ նշելով, որ հոկտեմբերի 16–ին կավարտվի Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը, և նրա նկատմամբ կկիրառվի վարչական հսկողություն, այն է` երկրից բացակայելու արգելք և պրոբացիոն ծառայության կիրառում։
Մեր հարցին՝ գո՞հ են արդյոք դատավարության ընթացքից, փաստաբանը պատասխանեց.
«Դեռ վաղ է ինչ–որ կարծիք հայտնելու համար, սպասենք վերջնական ակտին։ Այս պահին դատավարությունը վկաների հարցաքննության փուլում է»։
Հիշեցնենք՝ նա ձերբակալվեր էր հունիսի 17-ին, ապա կալանավորվել էր։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել է Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Հուլիսին նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։





























