Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում հավանություն տվեց «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի և Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին նշանակվելու համար բավարար լինի միայն իրավագիտության բակալավրի կամ միայն իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը:

Այսօր գործող կարգավորումներով Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում կարող է նշանակվել ընտրական իրավունք ունեցող այն անձը, որը՝ ՀՀ–ում ստացել է իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան։

Հարկ է նկատել նաև, որ ինքնավար պաշտոնների շարքին դասվող մի շարք պետական բարձր պաշտոնների, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավորի, Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների պաշտոնների, ինչպես նաև այլ՝ գլխավոր դատախազի և դատախազների, քննչական մարմինների ղեկավարների, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնների ստանձնման համար որպես կրթության չափանիշ է սահմանված՝ բարձրագույն մասնագիտական կրթությունը, այնինչ Դատական դեպարտամենտի ղեկավարի և առանձնացված ստորաբաժանման ղեկավարի վարչական պաշտոնի համար սահմանվել է վերը թվարկված բարձր պետական պաշտոններին ներկայացվող պահանջներից տարբերվող, անհամաչափ պահանջ, այն է՝ իրավագիտության բակալավրի որակավորման աստիճանի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի միաժամանակյա առկայության պահանջ: