Հայաստանի ազգային պատկերասրահում, փետրվարի 1-ին կբացվի Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես, որը կրում է «Հանուն Աստծո». Խորագիրը: Այն կազմակերպել է Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը:
Իրանի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացվելու են ժամանակակից կիրառական արվեստի նմուշներ, որոնք կատարված են ավանդական իրանական տեխնոլոգիաներով եւ ավանդույթներով, զանազան մետաղյա ծաղկամաններ, սկուտեղներ, փայտե ժամացույցներ, ջնակարված ափսեներ, արդի արվեստի նմուշներ, հնագույն հյուսվածք, ինչպես նաեւ գրակալներ եւ Ղուրաններ, որոնք նկարազարդված են հնագույն ոճով:
Ցուցադրության մեջ հատուկ տեղ են գրավում ժամանակակից իրանցի գեղանկարիչ Ալի Մոհամմադ Շեյխի ստեղծագործությունները: Ալի Մոհամմադ Շեյխին ծնվել է 1954 թվականին, Թեհրանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ է: 1988-1992 թվականներին եղել է Այաթոլլա Թալեղանի մշակույթի պալատի տնօրենը, իսկ ներկայումս համալսարանում գրաՖիկա եւ դիզայն է դասավանդում: ԻԻՀ արվեստի եւ գեղանկարչության բնագավառում կազմակերպվող մրցույթ-փառատոնների ժյուրիի մշտական անդամ է եւ արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ պատվոգրերի: Նրա ստեղծագործություններում, նախ եւ առաջ, գերակայում են իրանական մանրանկարչության ավանդույթները, արեւելյան միստիցիզմն ու հոգեւոր թեմաները: Նա չի զգտում կոնկրետության եւ ստեղծում է իր Ֆանտաստիկ աշխարհը, որտեղ նյութական առարկաները ստանում են հավերժական եւ տիեզերական իմաստ: Նրա հոգեւոր աշխարհը մարդկանց ներկայանում է գույների եւ դրանց համարդության, կոմպոզիցիայի ռիթմի եւ գծերի միջոցով:




























