Այսօր Բրյուսելում տեղի է ունենում Global Gateway (Գլոբալ դարպասներ) միջազգային ֆորումը, որի բացմանը ելույթ ունենալու համար հրավիրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նա հիշեցրել է, որ սա խոշոր ծրագիր է, որը նախատեսված է ԵՄ-ն Հարավային Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանների հետ կապելու համար։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բրյուսելում նախատեսվում է Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, Կոստանյանը նշել է, որ իր տվյալներով՝ Ալիևը հրավիրված չէ միջոցառմանը (նա այցով գտնվում է Տաջիկստանում՝ խմբ.)։ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի շրջանակներում նախատեսված է մի շարք երկկողմ հանդիպումներ, հավելել է Կոստանյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանն ու Բաքուն քննարկել են «Թրամփի երթուղուն» վերաբերող տերմինաբանությունը, փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ նախօրեին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը մեկնաբանել է հարցը և ինքը դրա վերաբերյալ հավելելու բան չունի։

Մեկնաբանելով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները՝ Կոստանյանը հաստատել է Երևանի դիրքորոշումը. աշխատանքները շարունակվում են, Հայաստանը պատրաստ է ստորագրել, իսկ այնուհետև վավերացնել փաստաթուղթը։

«ՀՀ-ն ստացել է խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու հնարավորություն և սկսել է այս գործընթացը, ստացել է տարածաշրջանում հաղորդակցությունները ապաշրջափակելու հնարավորություն, որի վրա մենք աշխատում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ։ Քննարկումները շարունակվում են և մենք կհրապարակենք արդյունքները», - խոստացել է Կոստանյանը՝ հավելելով, որ սահմանային իրավիճակի համատեքստում Երևանը հույս ունի, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված դրական միտումները կշարունակվեն։

Մեկնաբանելով այն հանգամանքը, որ Ադրբեջանին հավատալը խնդրահարույց է, Կոստանյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ» չի կարող, սակայն Սպիտակ տան հայտարարությունները վկայում են այն մասին, որ «մտնում ենք կայուն ու խաղաղ ժամանակաշրջան»։

Վերադառնալով տերմինաբանության խնդրին և Բաքվում «Թրամփի երթուղին» «Զանգեզուրի միջանցք» անվանելու համառ ձգտմանը, փոխնախարարը, ըստ էության, կրկնել է Փաշինյանի գաղափարը՝ հայտարարելով, որ «Հայաստանի ինքնիշխան տարածքում «Զանգեզուրի միջանցք» անվան տակ որևէ ծրագիր չկա և չի կարող լինել, իսկ թե ինչպես են Ադրբեջանում անվանելու իրենց տարածքում գտնվող ծրագիրը, դա իրենց գործն է։

Հիշեցնենք, որ Փաշինյանը ենթադրել է, որ Բաքվում «միջանցք» ասելով հնարավոր է՝ նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը (Ադրբեջանի շրջաններ), այլ ոչ թե Սյունիքը (Հայաստանի այն շրջանը, որի միջով կանցնի «Թրամփի ճանապարհը»): Ադրբեջանում պատասխանել են, որ «միջանցքը» կոչված է կապելու Ադրբեջանը և Նախիջևանը, դրանով իսկ հերքելով Փաշինյանի համարձակ ենթադրությունը։