Մեզ շատ են հարցնում, թե որն է խաղաղության ձեր այլընտրանքը, խաղաղությունն այլընտրանք չունի, այլընտրանքը երաշխիքներով ապահոված խաղաղությունն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին, «Մեր ձեւով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ ասել է շարժման անդամներից Արեգա Հովսեփյանը։
«Մեր առաջարկած խաղաղության երաշխիքները ոչ թե հեռախոսահամար, ձեռքսեղմում կամ լուսանկարն են, այլ հզոր պետությունը, տնտեսությունը, համերաշխ հասարակությունը եւ բազմակենտրոն արտաքին քաղաքականությունը։ Մենք առաջարկում ենք արտաքին քաղաքականության նոր բովանդակություն՝ արժանապատիվ դիրքավորումներ համաշխարհային քաղաքական, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում։ Մենք համոզված ենք՝ Հայաստանը կարող է դառնալ տնտեսական միջազգային նախագծերի հանգույց եւ բարձր տեխնոլոգիաների հաբ, բայց առանց սակարկելու ինքնիշխանությունն ու ազգային շահերը։ Զսպումների եւ հավասարակշռության ռազմավարության մշակումն ու ներդրումը եւ մեր համազգային համախմբումն են բոլոր տեսակի խաղաղությունների երաշխիքը»,– ասել է նա։
Արեգա Հովսեփյանի խոսքով, բանակցողի փոփոխությունն այլընտրանք չունի. «Արցախցիների իրավունքների պաշտպանությունը և միջազգային ատյաններում նրանց իրավունքների պաշտպանությունը, Մայր Հայաստանում նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը մեր թիմի համար սակարկման ենթակա չէ և այլընտրանք չունի։ Արցախ վերադարձի հարցը մեզ համար փակ չէ»։











