Իրանցի սահմանապահները գնդակահարել են Պակիստանի վեց քաղաքացիների սահմանը ապօրինաբար խախտելու համար:
Agence France-Presse -ին, վկայակոչելով պակիստանյան աղբյուրները, հաղորդում է, որ պակիստանցի ութ հովիվ իրենց հոտի հետ գիշերը պատահաբար անցել են Իրանի սահմանը, որտեղ բախվել են տեղացի սահմանապահների հետ: Իրանցիներն անմիջապես կրակ են բացել, որի արդյունքում հովիվներից վեցը մահացել է, երկուսը` վիրավորվել:
Նշվում է, որ իրանա-պակիստանյան սահմանի այդ հատվածում հաճախ են միջադեպեր տեղի ունենում: Կիսաանապատային տարածքում, որտեղով անցնում է Պակիստանի եւ Իրանի սահմանը, սահմանի շատ հատվածներ նշված չեն, որը բազմաթիվ շփոթությունների տեղիք է տալիս:



























