Բնիկ ամերիկացիները ծագումով Սիբիրից են, իսկ նրանց հայրենիքը ժամանակակից Ալթայի մարզն է: Նման եզրահանգման են եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները ԴՆԹ անալիզի հիման վրա:
Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail-ը, ուսումնասիրվել են ժամանակից Ռուսաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի եւ Չինաստանի տարածքում 20-25 հազար տարի առաջ բնակված մարդկանց մնացորդները: Հետազոտության համար վերցվել են մորից երեխային անցնող միտոխոնդրիալ եւ հորից որդուն ժառանգված Y-քրոմոսոմի ԴՆԹ-ի նմուշները: Հետազոտված նմուշների մեծ քանակությունը հիմք է տալիս վստահ լինել անալիզի իսկության մեջ:
Բնիկ ամերիկացիների եւ ալթայցիների Y-քրոմոսոմներում գիտնականները արտառոց մուտացիա են հայտնաբերել, որը վկայում է նրանց գենետիկ կապի մասին: հաշվարկելով, թե որքան ժամանակ է տեւել մուտացիայի գործընթացը, հետազոտողները եզրակացրել են, որ Սիբիրի հարավային մասերում եւ Ամերիկայում ապրողների գեները սկսել են իրարից տարբերվել 13-14 հազար տարի առաջ:
Նման հետազոտությունը ապացուցում է այն թեզը, որ 15-20 հազար տարի առաջ մարդիկ Ասիայից անցել են Ամերիկայի տարածք Բերինգի նեղուցով, գրումէ «ՌԻԱ Նովոստին»:



























