Հրապարակվել են ֆրանսիական ազգային Cesar կինոմրցանակի թեկնածուների անունները, եւ նրանց թվում կրկին առկա է այս տարեշրջանին մեծ հաջողություններ գրանցած Խազանավիչուսի «Արտիստը»  ֆիլմը:

Համր ֆիլմին զուգահեռ, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում նաեւ ներկայացվել են Վալերի Դոնզելիի «Ես պատերազմ եմ հայտարարում», Ակի Կաուրիսմյակիի «Հավր», Մայվեն Լե Բեսկոյի «Փոլիսս», Պիեռ Շոլլերի «Պետության կառավարումը», Ալեն Կավալյեի «Հայրը», Էրիկ Տոլեդանոի եւ Օլիվիե Նակաշի «Անձեռնմխելիները» ֆիլմերը:

Այս ֆիլմերի հեղինակները հավակնում են նաեւ «Լավագույն ռեժիսոր» տիտղոսին:

Կնոջ լավագույն դերին հավակնում են Արիան Ասկարիդը («Կիլիմանջարոյի ձյուները»), Բերենիս Բեժոն («Արտիստը»), Լեյլա Բեխտին («Կանացի աղբյուր»), Վալերի Դոնզելին («Ես պատերազմ եմ հայտարարում»), Մարինա Ֆուան («Փոլիսս»), Մարի Ժիլլենը («Մեր բոլոր ցանկությունները») եւ Կարին Վիարը («Փոլիսս»):

Տղամարդու լավագույն դերակատարման համար ներկայացվել են Սեմի Բուաջիլը («Օմարն սպանեց ինձ»), Ֆրանսուա Կլյուզեն («Անձեռնմխելիները»), Ժան Դյուժարդենը («Արտիստը»), Օլիվյե Գուրմեն («Պետության կառավարումը»), Դենի Պոդալիդեսը («Զավթում»), Օմար Սին («Անձեռնմխելիները»), Ֆիլիպ Թորեթոն («Հավանական մեղավորները»), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը պատվավոր ֆրանսիական մրցանակը կստանա Ռոման Պոլանսկիի կողմից, որը նկարահանել է նրան իր «Կոտորածներ» ֆիլմի գլխավոր դերում: