Apple ընկերության հիմնադիրն իր մահից առաջ կարդացել է Microsoft ընկերության հիմնադիր, իր մրցակից Բիլլ Գեյթսի նամակը: Ջոբսի կինը գտել է նամակը ամուսնու անկողնու վրա, բարձի մոտ: Գեյթսը հաստատել է նամակի գոյությունը: Լոնդոնում ուսանողների հետ հանդիպմանը նա հաստատել է, որ Ջոբսի մահից քիչ առաջ նամակ է հղել նրան: Ընդ որում, նա արել է դա ոչ որպես հաշտության նշան, քանի որ իրենք երբեք թշնամություն չեն էլ արել, գրում է The Daily Telegraph-ը:

Գեյթսը պատմել է նամակի բովանդակությունը. Սթիվ Ջոբսը կարող է հպարտանալ համակարգչային տեխնոլոգիաների ասպարեզում իր ներդրման եւ Apple-ի պես ընկերություն ստեղծելու համար: Գեյթսը նշել է, որ երջանիկ էր ծանոթանալու Սթիվի կնոջ եւ երեխաների հետ:

Ջոբսի եւ Գեյթսի հարաբերությունները փոքր-ինչ այլ կերպ են ներկայացված Ուոլթեր Այզեքսոնի կենսագրական գրքում: Ջոբսի կինը խնդրել է Գեյթսին չկարդալ այն, քանի որ գրքում երկու հանճարների հարաբերությունները ներկայացված են աղճատված կերպով, գրում է NEWSru.com-ը: Իր գրքում Այզեքսոնը գրում է, թե Ջոբսն ատում էր Բիլլ Գեյթսին, եւ որպես օրինակ նշում է Windows օպերացիոն համակարգի ներկայացումից հետո նրանց հանդիպումը: Համակարգում օգտագործվել է նույն ինտերֆեյսը, ինչ Macintosh-ում: Զայրացած Ջոբսը Գեյթսին Սիեթլից կանչել է Սիլիկոնային հովիտ: Սրահում, որտեղ մեկ տասնյակ անձինք են հավաքվել, Ջոբսն ասել է. «Դուք մեզնից գողանում եք: Ես ձեզ վստահել եմ, իսկ դուք գողանում եք»: Գեյթսը հանգիստ նայել է Ջոբսին եւ ասել. «Սթիվ, տեղի ունեցածին պետք է նայել այլ տեսանկյունից: Իրավիճակը, պատկերացրեք, այսպիսին է, մենք հարուստ հարեւան ունենք Xerox անունով, եւ երբ մտա նրա տուն հեռուստացույցը գողանալու, դուք այն արդեն գողացել էիք»,- գրված է գրքում: