«Յուկոսի» նախկին գործադիր տնօրեն Միխայիլ Խոդորկովսկու և «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի» 22 անդամների դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության բռնի զավթման (ՌԴ Քրեական օրենսգրքի 278-րդ հոդված) և ահաբեկչական կազմակերպության կազմակերպման կամ դրան մասնակցելու (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր) համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ):

Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) մամուլի հաղորդագրության մեջ թվարկվում են կոմիտեի այն անդամները, ովքեր դարձել են քրեական գործի ֆիգուրանտներ՝ Միխայիլ Կասյանով, Մարատ Գելման, Լեոնիդ Գոզման, Վլադիմիր Կարա-Մուրզա, Սերգեյ Ալեքսաշենկո, Դմիտրի Գուդկով, Սերգեյ Գուրիև, Բորիս Զիմին, Եվգենի Չիչվարկին, Եվգենի Կիսելյով, Միխայիլ Կոկորիչ, Եվգենի Կունին, Ելենա Լուկյանովա, Յուրի Պիվովարով, Կոնստանտին Չումակով, Անաստասիա Շևչենկո, Վիկտոր Շենդերովիչ, Գարի Կասպարով, Կիրիլ Մարտինով, Մաքսիմ Ռեզնիկ, Արթուր Սմոլյանինով, Եկատերինա Շուլման։

Խոդորկովսկու դեմ քրեական գործ է հարուցվել նաև ահաբեկչության հրապարակային կոչերի համար (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մաս):

Գործի հարուցման առիթ է դարձել 2023 թվականին Բեռլինում ստորագրված «Ռուսաստանի դեմոկրատական ուժերի հռչակագիրը» (այսպես կոչված՝ Բեռլինյան հռչակագիր), որում «հայտարարվում է Ռուսաստանի գործող իշխանությունը լուծարելու անհրաժեշտության մասին», ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «ռուսական դեմոկրատական ուժերի հարթակի» ստեղծումը, որը «Խոդորկովսկին Արևմտյան երկրների առջև ներկայացնում է որպես անցումային շրջանի հիմնադիր ժողով»։

Անվտանգության դաշնային ծառայությունում (ԱԴԾ) նաև հայտարարել են, որ Խոդորկովսկին և կոմիտեի մյուս հիմնադիրները ֆինանսավորում են Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված ուկրաինական ռազմականացված ազգայնական ստորաբաժանումները, ինչպես նաև «վարում են հավաքագրման գործունեություն՝ այդ կազմավորումներում անձանց ընդգրկելու համար, որպեսզի հետագայում իրականացնեն ՌԴ-ում իշխանությունը ուժային ճանապարհով զավթելու մտահղացումը»։

«Ներկայումս քննչական գործողություններ են իրականացվում Մ. Խոդորկովսկու և նրա հանցակիցների նկատմամբ։ Նրանց գործունեությանը մասնակից անձինք պատասխանատվության կենթարկվեն Ռուսաստանի օրենսդրության համաձայն», - հայտարարել են Անվտանգության դաշնային ծառայությունում (ԱԴԾ)։