Իսրայելի դատաբժշկական ազգային ինստիտուտն ավարտել է Գազայի հատվածում սպանված չորս պատանդների մնացորդների նույնականացումը, որոնք հոկտեմբերի 13-ի երեկոյան վերադարձվել էին Իսրայելի տարածք, հաղորդում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Զինվորականները հրապարակել են նրանցից երկուսի անունները՝ Գայ Իլուզ և Բիպին Ջոշի։ Մյուս երկու ճանաչված զոհերի անունները դեռևս չեն բացահայտվում՝ սպասելով նրանց հարազատների համաձայնությանը։
Զինված ուժերից հայտնել են, որ զինվորականների ունեցած տեղեկությունների և հետախուզական տվյալների համաձայն՝ Իլուզը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած Իսրայելի վրա արմատականների հարձակման պահին, եղել է «Նովա» երաժշտական փառատոնում, որն անցկացվում էր Ռեիմ կիբուցում՝ պաղեստինյան անկլավի սահմանի մոտ։ Նա փորձել է փախչել, սակայն վիրավորվել, գերեվարվել և տարվել է Գազա։
«Գայը մահացել է ստացած վերքերից՝ ՀԱՄԱՍ-ի կողմից գերության մեջ գտնվելու ընթացքում պատշաճ բժշկական օգնություն չստանալուց հետո։ Մահվան պահին նա 26 տարեկան է եղել», - ասվում է հայտարարության մեջ։
Մյուս զոհվածը, որի անունը հայտնի է, Նեպալի քաղաքացի Բիպին Ջոշին է, ով Իսրայել էր եկել սովորելու։ Նա առևանգվել է արմատականների կողմից՝ սահմանամերձ Ալումիմ բնակավայրի թաքստոցից։
«Ենթադրվում է, որ նա սպանվել է գերության մեջ՝ պատերազմի առաջին ամիսներին»,- նշել են բանակից։
Հոկտեմբերի 13-ի երեկոյան Գազայում զոհված պատանդների մնացորդներով չորս դագաղները փոխանցվել են իսրայելական կողմին՝ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի աշխատակիցների միջոցով։ Նույն օրվա առավոտյան Գազայից ազատվել և Իսրայել են վերադարձվել այնտեղ մնացած բոլոր 20 կենդանի պատանդները, ինչից հետո արմատականների մոտ մնացել են 28 զոհվածների մարմինները։ Բոլորը պետք է վերադարձվեն մոտ ժամանակներս՝ Գազայում խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածությունների շրջանակում։
Իսրայելի իշխանություններն անմիջապես իրենց դժգոհությունն են հայտնել, որ զոհվածների դիակների վերադարձի առաջին փուլում արմատականները վերադարձրել են միայն 28 մարմիններից 4-ը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դա որակել է որպես համաձայնագրից շեղում և նախազգուշացրել, որ արմատականների կողմից ողջ գործընթացի հետագա ձգձգումը հետևանքներ կունենա։





























