Հոգևորականների խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։
Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողն է։
Հիշեցնենք, որ Տեր Արամը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։
«Մանավանդ որ ես Երևանում էի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին։ Եթե չմասնակցեի, խնդիրներ կլիներ, պետք է հստակ բացատրեի, թե ինչու չէի գնում։ Այդ պահի թելադրանքը վերևից այդպես էր»,-ասել էր Տեր Արամը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։
Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:





























