Նիդերլանդները 90 միլիոն եվրոյի չափով ռազմական աջակցության ևս մեկ փաթեթ են պատրաստում Ուկրաինայի համար։ Միջոցները կուղղվեն հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեքելմանսը, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
Նա ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելը հիմա ավելի կարևոր է, քան երբևէ, քանի որ ամեն օր հզոր օդային հարձակումներ են ֆիքսվում ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքի վրա։ Նախարարի խոսքով՝ ուկրաինացիները նախազգուշացրել են, որ գալիք ձմեռը լինելու է ամենածանրը՝ պատերազմի ողջ ընթացքում։
«Մենք պետք է ապահովենք Ուկրաինային տրամադրվող օգնության անընդհատ հոսքը։ Նիդեռլանդները անում է ավելին, քան երբևէ։ Մի քանի օր առաջ ես հայտարարեցի 200 միլիոն եվրոյի աջակցության մասին։ Այսօր ես կհայտարարեմ անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված ևս 90 միլիոն եվրոյի փաթեթի մասին, որը կլինի թե՛ հետախուզական, թե՛ հարձակողական», - ասել է Բրեկելմանսը։
Նա բացատրել է, որ Ուկրաինան դեռևս զգալի արդյունաբերական ներուժ ունի անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, այդ իսկ պատճառով Նիդեռլանդները լրացուցիչ միջոցներ է ներդնում այս ոլորտում։
Նախարարը բացատրել է, որ սա նշանակում է ռազմական օգնության կայուն հոսք, ինչպես նաև Ուկրաինայի նկատմամբ երկարաժամկետ պարտավորություններ՝ ինչպես երկկողմանի, այնպես էլ այլ մեխանիզմների միջոցով, այդ թվում՝ սառեցված ռուսական ակտիվների միջոցով։
«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային խորքային հարվածներ հասցնելու հնարավորություններով, որպեսզի Ռուսաստանի համար ծախսերն աճեն։ Ինչպես նաև, անհրաժեշտ է ուժեղացնել պատժամիջոցներն ու տնտեսական ճնշումը, որպեսզի Պուտինը հասկանա, որ չի կարող շարունակել պատերազմը։ Ի վերջո, մենք Ուկրաինայի հետ միասին կհաղթենք», - ընդգծել է Նիդերլանդների պաշտպանության նախարարության ղեկավարը։
Նա նաև հայտարարել է, որ Նիդեռլանդները կաջակցի ԱՄՆ-ի հնարավոր որոշմանը՝ Ուկրաինային հեռահար «Tomahawk» հրթիռներ փոխանցելու վերաբերյալ։
«Դա Միացյալ Նահանգների որոշումն է, բայց եթե նրանք համաձայնեն «Tomahwk» հրթիռներ տրամադրել, ապա մենք անպայման կաջակցենք դրան», - հավելել է Բրեքելմանսը։





























