Այսօր առավոտյան ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Խուզարկություններ են իրականացվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։
24News-ը կապ է հաստատել Տեր Արամի հետ` հասկանալու, թե արդյոք իր բնկարանաը ևս խուզարկել են, թե ոչ: «Վերջինս ասել է, որ մեզնից է տեղեկանում, որ խուզարկություններ են եղել և ոչ մի ինֆորմացիա չունի:
Մեր ճշտող հարցին պատասխանեց, որ ո՛չ իր տանը, ո՛չ եկեղեցում քննչական գործողություններ չեն եղել:
«Այսինքն չհասկացա՞, ինչպես թե Սրբազանին և 5 քահանաների են ձերբակալել, ես ձեզանից եմ լսում նման բան։ Դա էլ եմ ձեզանից լսում, որ իմ հայտարարությունների հիման վրա է եղել: Ես կապ չեմ ունեցել որևէ մեկի հետ, քահանաներն էլ ինձ հետ կապ չեն ունեցել»,- ասաց տեր Արամը։
Հարցին, հաղորդում չի՞ ներկայացրել, վերջինս նշեց. «Պետրոս Ղազարյանի մո՞տ, դա նկատի ունե՞ք։ Ինչ ներկայացվել է, եղել է Պետրոս Ղազարյանի մոտի հարցազրույցը, մնացած մասով տեղեկություններ չունեմ»,– գրել է կայքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։
Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։





























