Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ժամանել է Ռուսաստան, TASS-ին հաստատել է սիրիացի դիվանագիտական աղբյուրը։

«[Ահմեդ ալ-Շարաան] ժամանել է Մոսկվա», - ասել է գործակալության աղբյուրը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 15-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Սիրիայի ժամանակավոր նախագահի հետ, ով Ռուսաստանում կլինի առաջին աշխատանքային այցով։ Նրանք նախատեսում են քննարկել ռուս-սիրիական կապերի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես պարզաբանել էր, որ երկրների ղեկավարները կանդրադառնան Սիրիայում ռուսական ռազմաբազաների թեմային։ Հոկտեմբերի 13-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը արաբական երկրներից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Դամասկոսը շահագրգռված է Սիրիայում ռուսական ռազմաբազաների պահպանմամբ, ընդ որում, նոր պայմաններում դրանք կարող են վերաձևակերպվել նոր խնդիրների համար։