Քրեական վարույթի շրջանակներում ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 10 հոգեւորական, որոնցից երկուսի գտնվելու վայրն անհայտ է։ Առավոտից անհայտ էր նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը, և միայն նոր է հայտնի դարձել, որ նա գտնվում է քննչական կոմիտեի կենտրոնի բաժնում։ Այս մասին հայտնել է ՄԻՊ–ը։

Փաստաբանները ահազանգում էին, որ գործ ունենք բռնի անհետացման դեպքի հետ, որը քրեորեն պատժելի արարք է։

Քննչական կոմիտեից հրաժարվում էին ասել, թե որտեղ է նա: Արդեն 7 ժամ անց ՄԻՊ օգնությամբ հայտնի դարձավ, որ նա գտնվում է Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում:

Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն՝ Արագածոտնի թեմի առաջնորդի անհետացման հետ կապված՝ անձի անհետացման փաստով. «Քանի ժամ է անցել, բոլորս միասին տվայտվում ենք՝ հասկանալու, թե ուր է ՀՀ քաղաքացին, որևէ պատասխան չկա», - նախքան նրա վայրի հայտնի դառնալը ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Ավելի ուշ հաղորդվեց նաև, որ բերման ենթարկված 4 քահանաների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի և Տեր Օշինի գտնվելու վայրը ևս անհայտ է: Այժմ անհայտ է միայն երկուսի գտնվելու վայրը։

Հաղորդվում է, որ նախքան բերման ենթարկելը վաղ առավոտից խուզարկություններ են եղել հոգևորականների տներում, փաստաբանների խոսքով՝ խուզարկություն է իրականացվում Արագածոտնի թեմի առաջնորդարանում:

Հոգևորականների փաստաբանների խոսքով՝ թեև հոգևորականներին հարկադրաբար բերման են ենթարկել, սակայն Քննչական կոմիտեում նրանք ունեն վկայի կարգավիճակ: Փաստաբանական խումբը տեղեկացնում է՝ թեև Մայր աթոռից ունեն լիազորագիր՝ պաշտպանելու հոգևորականների շահերը, սակայն նրանց չի թույլատրվում ներս մտնել: Իրենց մուտքը Քննչական վարչություն խոչընդոտելու դեպքով ևս հաղորդում է ներկայացվել ոստիկանություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։

Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։