Առավոտից Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում գտնվող Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս եկավ Քննչականից:

Նա նշեց, որ անցած 7-8 ժամերի ընթացքում իր հետ որևէ քննչական գործողություն չեն իրականացրել և ազատ են արձակել: Տեր Փառենը նաև ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ ինքը վկայի կարգավիճակ ունի:

Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ ասաց, որ Տեր Փառենը հրաժարվել է ցուցմունք տալ. «Պնդել է, որ իրեն բաժին հրավիրեն փաստաբանի հետ, վաղը փաստաբանի հետ հրավիրվել է»,- նշեց Զոհրաբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։

Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։