Տեր Արամ քահանա Ասատրյանը լրագրողներից է իմացել, որ Արագածոտնի թեմից քահանաների են բերման ենթարկել։ Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում։

«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, որ ես ինքս եմ այս ամենը կազմակերպել, տխրեցնում է։ Դանիել Իոաննիսյանն ասել է, որ իմ հարցազրույցի հիման վրա իրենք են դիմել իրավապահներին։ Մարդիկ չե՞ն տեսնում սա։ Ես քննչական կոմիտեում չեմ եղել, ոչ էլ կանչել են ինձ։ Երբ առավոտյան մտել եմ, համացանցից օգտվել եմ, դեռ այդ ժամանակ որևէ տեղեկություն չի եղել։ Հետո լրագրողներից զանգեր եմ ստացել, ու իրենցից եմ իմացել։ Հետո արդեն համացանցում եմ տեսել»,- նշեց նա։

Հարցին՝ հավաքներին մասնակցելու հրահանգի վերաբերյալ իր խոսքից հետո իրավապահներն իրեն դիմե՞լ են, հարցաքննվե՞լ է, Տեր Արամ քահանան բացասական պատասխան տվեց։

«Բացարձակ։ Հարազատ մարդիկ հարցեր տվել են, բայց պետական մարմինները՝ ոչ։ Տեղյակ չեմ եղել, որ քրեական վարույթ է հարուցվել։ Որևէ պետական մարմին ինձ չի դիմել»,- ասաց Տեր Արամ Քահանան։

Ինչ վերաբերում է Մայր Աթոռին, այստեղից ևս նա պարզաբանումների պահանջ չի ստացել։

«Հարցուպատասխան չի եղել, բայց լսել եմ, որ որոշ հոգևորականներ այս մասով հայհոյանքներ են հնչեցրել, որ ես Պետրոսի մոտ եմ եղել։ Ժամանակին, երբ Պետրոսն աշխատում էր Կենտրոնում, այնտեղ Պետրոսի մոտ նաև Եպիսկոպոսներ էին լինում հարցազրույցի։ Կուզեմ՝ իրենց հիշողությունները թարմացնեն։ Հարցն այս պահին Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցը չէ, եկեք ավելի լավ է կենտրոնանանք խնդրի վրա։ Ինձ համար սա աբսուրդի ժանրից է, որ բուն հարցի էությունը թողած ընկել են՝ ոնց հարցը հնչեց, ում մոտ եմ գնացել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հավաքներին մասնակցելու հրահանգի վերաբերյալ հայտարարությանը, Տեր Արամը նշեց, որ այդ հրահանգը եղել է Արագածոտնի առաջնորդարանից ու բոլորին․  

«Ես ասել եմ Արագածոտնի թեմի հրահանգով է եղել հավաքներին մասնակցելը։ Արագածոտնի թեմը Մայր Աթոռին է պատկանում, բայց չեմ շտապում ասել՝ Մայր Աթոռի հրահանգով։ Դրա մասին ավելի մանրամասն չեմ կարողանա խոսել։ Բոլորին, Ինչքան հոգևորական կա արագածոտնի թեմում, իրենք բոլորն էլ․․․Ես կուզենամ այդ նույն ջանասիրությամբ իրենց էլ զանգեք, արդար կլինի, որ բոլոր էն մարդիկ, ովքեր այս թեմում ծառայել են, մի հա գոնե հա ու չէ ասեն սրա հետ կապված»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։

Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։