Երկու հոդված են մեղսագրում Մկրտիչ Սրբազանին. այս երկու հոդվածների մեջ էլ այսպիսի ձևակերպում է օգտագործել օրենսդիրը. «այդ արարքը, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով»։  Բայց իշխանական կամ ծառայողական լիազորություններ օգտագործելը չի վերաբերում մասնավոր անձանց։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Մկրտիչ Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

«Սա վերաբերում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձանց։ Այսինքն այս հոդվածները, այդ մասերը ընդհանրապես վերաբերելի չեն Մկրտիչ Սրբազանին։ Նախաքննության մարմինը չկարողացավ այդ մասով հիմնավոր փաստարկներ բերել։ Եվ սա էլ խոսում էր այն բանի մասին, որ արհեստական մեղադրանք էր, ընդ որում արհեստական ծանր հոդվածներով, որպեսզի կարողանային այստեղ կալանքի մասին որոշում ստանալ։

Մենք գիտենք, որ իշխանությունը էլ ավելի են օղակը սեղմելու, բնականաբար մենք գիտենք հիմնական նպատակը Մայր Աթոռն է, և վստահ ենք, որ հաջորդ քայլերը ուղղելու են դեպի Մայր աթոռ»,–ասաց նա։

Զոհրաբյանը նկատեց, որ կալանքի համար կարևոր պայմաններից մեկը հիմնավոր կասկածի առկայությունն է, այսինքն առնչությունը դեպքին և հանցակազմին. «Իրենք երկու հոդվածով են մեղադրում, ասում են՝ հարկադրել եք, որ մասնակցեն հավաքների, բայց այդ հարկադրանքի փաստն էլ չկա։ Նույնիսկ Տեր Արամի ցուցմունքների մեջ չկա, որ ինձ հարկադրել են։

Մյուս մասով էլ ասում է՝ քարոզչության վրա եք ազդել 2021 թվականին։ Ասում են՝ ժողով եք արել, ասել եք՝ ում ուզում եք ընտրեք Նիկոլ Փաշինյանին մի ընտրեք։ Եթե նույնիսկ նման բան ասվել է, դա կոչվում է քարոզչություն, չի կոչվում հանցագործություն։

Այստեղ ոչ հիմնավոր կասկած կա, ոչ էլ կալանավորման նպատակը կա։ Միակ բանը, որ կալանքը կիրառվել է, դա Սրբազանին պատժելն է, ինչը որ տեղի ունեցավ նաև Միքայել Սրբազանի դեպքում»,– հայտարարեց Զոհրաբյանը։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը 2 ամսով կալանավորեց Մկրտիչ Սրբազանին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։

Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգևորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն: