Ինձ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սա վրդովեցուցիչ է պարզապես, երբ որ իրավապահ մարմինները անբռնազբոս խառնվում են եկեղեցու գործունեությանը, տասնյակներով հոգևորականների են բերման ենթարկում, հետո ձերբակալում են բարձրաստիճան հոգևորականների, բերում են նրանց կալանքի, թեև ակնհայտ է, որ հիմնավոր կասկած իրականում չկա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե»–ի համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով, այն քրեական օրենսգրքի հոդվածները, որոնք նկարագրում են, այսպես ասած, խնդրո առարկան, այդ հոդվածների համատեքստում նույնիսկ կասկածը որևէ կերպ հիմնավորված չի. «Սրանք ակնհայտ ու ընդգծված քաղաքական բռնաճնշումներ են Հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Հիշենք նաև, որ Մկրտիչ Սրբազանը Վեհափառ Հայրապետի քրոջ որդին է, և սրա նպատակը Վեհափառ Հայրապետի նկատմամբ ճնշում գործադրելն է։ Ես որևէ կասկած դրանում չունեմ։

Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ խոսքը չորս տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին է, որոնց վաղեմությունը վաղուց արդեն անցած է, որոնցով իրականում որևէ իրադարձություն տեղի չի ունեցել, որևէ վնաս որևէ մեկին չի հասցվել։ Հիմա դա գզրոցներից հանել են, որպեսզի կարողանան ճնշում գործադրեն Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ։

Այսպիսի դատարանի, այսպիսի դատավորի այսպիսի որոշումը ցավոք սպասելի էր, բայց ինձ համար անսպասելի է, որ մենք ինչ-որ իմաստով, այո, սկսում ենք սովորել սրան, սկսում ենք սովորել բռնատիրության պայմաններում ապրելուն։ Սկսում ենք սովորել նրան, ոնց որ դա 37 թվին է տեղի ունեցել, որ ամեն օր մեր հարևաններից մեկին կարող են ձերբակալել, տանել ու հետո նույնիսկ չիմանանք իր հետ ինչ է տեղի ունենում։

Ես ուզում եմ խնդրեմ մեր քաղաքացիներին, որ մենք չպետք է թույլ տանք, որ սա դառնա մեր կենսակերպը»,–ասաց Չալաբյանը։

Նշենք, որ այսօր առավոտյան դատարանը երկու ամսով կալանավորեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։

Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգևորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն: