Մենք այստեղ ենք՝ բարձրացնելու մեր ձայնը հանուն մեր արդարության, ինքնության, ազգային արժեքների։ Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ ասել է «Մեր ձեւով» շարժման անդամ, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։
«Ինչպես ցույց է տալիս փորձը, ժամանակակից աշխարհում կապիտալը հիմնականում հոսում է հարուստ երկրներ, իսկ մնացած բոլոր երկրները, այդ թվում նաև ՀՀ-ն, նախ և առաջ հույսը կարող են դնել ներքին ներդրումների վրա։ Եվ այստեղ է, որ մենք պետք է փառք տանք Աստծուն, որ ունենք Սամվել Կարապետյան ազգային բարերար։ Նորմալ երկրներում նման մարդկանց պահում, փայփայում են աչքի լույսի նման, բայց թե ինչ է կատարվում մեզ մոտ՝ տեսնում եք բոլորդ»,– ասաց նա։
Ֆարմանյանի խոսքով, իրենց շարժումը երկրի զարգացումը տեսնում է հզոր տնտեսություն ունելու մեջ, որը կապահովի բարեկեցիկ աշխատանքով մեր հայրենակիցներին. «Մենք գտնում ենք, որ պետք է կանգնած լինենք փոքր ու միջին բիզնեսների կողքին։ Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա տվյալներով ՀՀ-ի պետական եկամուտները կազմել են մոտավորապես 6,5 միլիարդ դոլար։ Այս մուտքերի մեջ չնչին տոկոս են կազմում փոքր ու միջին բիզնեսի կողմից վճարված հարկերը, որը օվկիանոսի մեջ մի կաթիլ է ընդամենը, խոսքը 15 միլիոն դոլարի մասին է։ Մեր Կառավարությունը կրկնապատկել է այդ փոքր ու միջին բիզնեսի հարկերը, որի արդյունքում փակվել են 2000-ից ավել ընկերություններ, և այս մարդիկ համարվում են պոտենցյալ արտագաղթողներ։ Մենք պետք է կանգնենք փոքր ու միջին բիզնեսի կողքին։ Անթույլատրելի ենք համարում քրեական գործերի հարուցումը տնտեսվարողների նկատմամբ։ Գտնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա արդար կենսաթոշակային համակարգ, և առողջ հասարակություն, որը պետք է ապրի անվտանգ միջավայրում, ունենա խոսքի ազատություն և կլինի արժանապատիվ։ Այս ամենին մենք հասնելու ենք մեր ձևով, և մեր առողջ գաղափարներով»։





























