Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միկանաձեն հոկտեմբերի 20–21-ը պաշտոնական այցով կմեկնի Հայաստանի Հանրապետություն, հաղորդում է Imedi News-ը։
Նախարարը կմասնակցի Գիտելիքի միջազգային ֆորումին և ելույթ կունենա պանելային քննարկմանը, որի հիմնական թեման կլինի «Ազգային քայլերը՝ ի պատասխան գլոբալ մարտահրավերների»։
Երևանյան այցի շրջանակում Գիվի Միկանաձեն երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, ինչպես նաև Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ։
Բացի այդ, նախարարը կայցելի Երևանի պետական համալսարան, որտեղ կհանդիպի ռեկտորների և բուհի ղեկավարության ներկայացուցիչների հետ։
Այցի հիմնական նպատակն է Վրաստանի և Հայաստանի միջև առկա կրթական ու գիտական կապերի ամրապնդումը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման ոլորտում համագործակցության ընդլայնումը։





























