Ոստիկանության Ճամբարակի բաժնում, դեռեւս 2010-ի հունիսի 28-ին, հաղորդում էր ստացվել, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատկանող Շորժա-Վարդենիս գծատվածից 8.000 մետր հաղորդալար են գողացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Սեւան քաղաքի բնակիչ, 37-ամյա Համլետ Հովսեփյանը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում, հունվարի 16-ին հաղորդում էր ստացվել, որ «ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ի դիտահորից 240 մետր հեռախոսամալուխ են գողացել:
Հունվարի 27-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտիմետ գյուղից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 33-ամյա Մուշեղ Փիլիպոսյանին եւ 24-ամյա Մուշեղ Սահակյանին:
Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք, իսկ գողացած մալուխները այրել եւ որպես գունավոր մետաղ հանձնել են գունավոր մետաղների ընդունման կետ:
Մ. Փիլիպոսյանը եւ Մ. Սահակյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:



























